Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում բացվեց գեղանկարիչ Գայանե Խաչատրյանի հոբելյանական ցուցահանդեսը։ Գայանե Խաչատրյանը նշեց, որ ցուցահանդեսի օրն ընտրելուց հետո է լարվել իրավիճակը սահմանին, բայց երկար մտածելուց հետո որոշում է կայացրել չհետաձգել ցուցահանդեսը, քանի որ կարևոր է հատկապես այս օրերին տեսնել, կարևորել գեղեցիկը, ինչն էլ օգնում է ապրել և ապրեցնել։
«Ցուցահանդեսի օրը ընտրում ենք մենք, իսկ պատերազմի օրը՝ ոչ։ Կարևոր է, որ հատկապես այս օրերին մարդիկ չկորցնեն իրենց ներսում ապրող փոքրիկ մարդուկին, տեսնեն գեղեցիկը, լավը, որ դիմանան»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Գայանե Խաչատրյանը։
Ցուցահանդեսում ներկայացված են նկարչուհու 60 աշխատանքներ։
«Գայանեն շատ ձգտող է, միշտ փորձում է գտնել նորը, ստեղծագործել, անել հետաքրքիրը։ Ի դեպ, հրաշալի երգում է ժողովրդական երգեր։ Երգն էլ իր դերն ունի նրա ստեղծագործելու ոճի, կտավների դետալների մեջ։ Նկարչությունը նրա երգն է»,-նշեց նկարիչ Արթինը։
Ցուցահանեսը բաց է մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ։
Աննա Հարությունյան